38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հետնաբեմի «հայամշակույթը»

Հետնաբեմի «հայամշակույթը»
21.08.2009 | 00:00

ՎԱՐՔՈՒԲԱՐՔ
«... ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ Է»
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մշտապես հյուրընկալորեն է ընդունվում անցկացվելիք մշակութային միջոցառմամբ հետաքրքրված լրագրողների հայտնությունը։ Եթե, իհարկե, նախագահական այցելություն չի ակնկալվում։ Այդ դեպքում, ըստ սահմանված ոչ այնքան բարեկիրթ կանոնակարգի, մուտքի իրավունք վերապահվում է վաղօրոք հավատարմագրվածներին միայն։ Մյուսները, չգիտես ինչու, վստահություն չեն ներշնչում ո՛չ կոնկրետ լրատվամիջոցի անցաթղթով, ո՛չ էլ ոլորտում երկարամյա գործունեությամբ ճանաչված լինելով։ Ամենայն պատասխանատվությամբ հավաստում եմ մեր նախագահի անձի անվտանգությունը երաշխավորելու կոչվածներին, որ գործընկերներիցս և ոչ մեկն իրենցից պակաս չի մտահոգված ՀՀ առաջին դեմքի անձի անձեռնմխելիությամբ։ Այնպես որ, պարոնայք թիկնապահներ, կասկածյալներին որոնեք սովորական այցելուների մեջ։ Առաջին հերթին, այնուամենայնիվ, հարգելով հասարակ մահկանացուներիս մարդկային արժանապատվությունը։ Վնասազերծող «պեղումներ» անցկացնելիս երբեմն, մեղմ ասած, գերակատարում եք ձեր պարտականությունները։ Հավատացնում եմ, արվեստասեր հանրության մեջ հազիվ թե արյունարբու ահաբեկիչներ հայտնաբերեք։
Հաշմանդամների «Փյունիկ» միության հիմնադրամի գանձարանը հարստացնելու մարդասիրական մղումով նախաձեռնված այդ բարեգործական համերգին հանպատրաստից ներկայացած մի խումբ լրագրողներ, փառք Աստծո, որևէ արտառոց ընդդիմության չհանդիպեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի մոտ։ Ի պատիվ այս հաստատության ասեմ, որ անձամբ ճանաչում ու հարգում են մայրաքաղաքի մշակութային առօրյան ակտիվորեն լուսաբանողներին, որոնցից ոմանք այդ երեկո առաջին անգամ էին անմիջականորեն հաղորդակցվելու ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ կատարողական արվեստին։ Օրվա հերոսին ինքնահատուկ հումորախառն մուտքի խոսքով ներկայացնում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ Հայկական ջազի նահապետի խանդավառությունը միջազգային համբավ վայելող 22-ամյա հայ երաժիշտով, ով տասը տարեկանում հիացրել էր իրեն ու Երվանդ Երզնկյանին հանրածանոթ «Ջորջիա»-ի յուրատիպ մատուցմամբ ռադիոյում, փոխանցվում է ներկաներին։ Բացառիկ ունակություններով անվանի երաժիշտների բարեհաճությանն արժանացած, վաղուց հռչակավորների գործընկերը դարձած ամերիկաբնակ, հեղինակավոր բազում մրցանակներ շահած ջազմենն առաջին իսկ իմպրովիզներով ջերմ ընդունելություն է գտնում։ Հայկական ժողովրդական երգերի իր մշակումների դաշնամուրային կենդանացմամբ շուտով նվաճում է ողջ հանդիսասրահի համակրանքը` ակնածանք ներշնչելով կատարողական ակնառու վարպետության նկատմամբ։ Տարվելով հնչեցրած երաժշտության թեմատիկ նրբերանգների դյուրընկալ բացահայտմամբ` ժամանակ առ ժամանակ, ասես, մոռանում է իրեն հոգեպես ավելի ու ավելի գոտեպնդող հավաքական ունկնդրի ներկայության մասին։ Երգում է կիսաձայն, լիովին ձերբազատվում ներքին պրկումից։ Հաղթահարելով հուզմունքը` ծննդավայր Գյումրու չկորսված առոգանությամբ բարձրաձայնում է երախտագիտությունն իրեն պարուրած ջերմության համար. «8-9 տարի երազել եմ հանդես գալ հայ բեմի վրա, հայ ունկնդրի համար։ Հիմա զգում եմ, որ երազանքս իրականանում է»։ Կոմիտասի «Շողեր ջան»-ից հետո փոքր-ինչ շունչ առնելով` համերգային ծրագրի կատարումը հասցնում է զգայական կիզակետին Յուսուֆ Դաֆերի (Թունիս) հետ համատեղ մի քանի ելույթով։ Անբռնազբոսիկ երաժշտական երկխոսություն է ծավալվում դաշնամուրի և ուդի միջև` յուրատիպ աղոթքի վերափոխվելով վերջինիս վոկալ միջարկումներով։ Դանդաղ քնարական զուգանվագը մերթ ընդ մերթ կտրուկ զվարթանում է։ Հարափոփոխ ելևէջներով, անցումային հակասական տրամադրություններով երաժիշտ բարեկամները ներթափանցում են ունկնդրի հոգու խորքերը` փոխըմբռնման արձագանքներ որսալով բանաստեղծականությամբ համակված համերգասրահում։
«ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐԸ»
Երաժշտահիպնոսի ներգործությամբ կրտսեր գործընկերոջս հետ շտապում ենք հետնաբեմ` օրվա հերոսի հետ անմիջականորեն հաղորդակցվելու ինքնաբուխ պահանջով։ Տպավորված նկատելիորեն միօրինակ, բայց անկեղծ վերապրումով ազգայինի վրա խարսխված երաժշտության ինքնահնար մեկնաբանությունների` մտածում եմ Տիգրան Համասյանի նորափթիթ ստեղծագործական նկարագիրն ինձ համար, ապա ընթերցողիս, լիարժեքացնել կենդանի փոխշփումով։ Արամ Ղարաբեկյանը, Երվանդ Երզնկյանը և Մարտին Վարդազարյանն իրենց գոհունակությամբ հաճելի շփոթություն էին հարուցել շնորհառատ երիտասարդի մոտ։ Ծանոթ-անծանոթների ստվարացող երթը, ամրապնդելով համոզմունքը նորավարտ համերգի հաջողվածության, թույլ չէր տալիս գեթ մի քանի պարզաբանող հարցերով կոնկրետացնել Համասյանի գեղագիտական մտահորիզոնի սահմանները, արդի երաժշտարվեստի ընդհանուր բովանդակության սեփական ընկալումը։ Հավանություն տալով հետաքրքրասիրությանս լրջությանը` Տիգրանն առաջարկում է համերգասրահից դուրս հանգիստ զրուցել։ Համբերատար սպասում եմ` ոգևորությունս ճշգրտելով վաղեմի բարեկամիս` Մարտին Վարդազարյանի հետ։ Հընթացս հարցուփորձում եմ «Բաց երաժշտություն» նորահնար փառատոնից, որի ծրագիրը հեղեղել էր սրահը` ըստ երևույթին հանրության իրազեկվածությունը խորացնելու նպատակով։ Հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը ներառյալ երկարաձգվող տարաժանր համերգաշարի նախաձեռնող, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, ընդառաջելով ցանկությանս, հորդորում-հրավիրում է հենց հաջորդ օրվանից ներգրավվել հայաստանցի ու արտերկրի ճանաչված երաժիշտ կատարողների համադաշնությամբ ուշագրավ մյուս 17 բացառիկ համերգների տիրույթում։ Երեկոներիս բազմազբաղությունը մաեստրոն հիմնավոր պատճառաբանություն չի համարում կարևորագույն այդ միջոցառման լուսաբանումն անարդարացիորեն անտեսելուս համար. «Մեր համերգները «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի են ունենում ուշ երեկոյան, ժամը 21.00-ին, այնպես որ Դուք, ցանկության դեպքում, կհասցնեք 19.00-ին սկսվածից հետո դրանց ևս մասնակցել»։ Պարտավորվում եմ հրավերը չմերժել ու համբերատար շարունակում եմ սպասել վերջին շնորհավորանքն ընդունելուց հետո զգեստափոխվելու գնացած Տիգրան Համասյանին Յուսուֆ Դաֆերի ու կրտսեր գործընկերոջս հետ, երբ ոմն անծանոթ անակնկալ նախահարձակմամբ շփոթության մեջ է գցում մեզ։
-Ի՞նչ եք վրա տվել, ո՞վ է Ձեզ թույլ տվել չնախատեսված հարցազրույց անել,- աչքերը ոլորում է վրաս։
-Նախ` վայելուչ արտահայտվեք։ Մենք մի 5-10 րոպե ընդամենը կխլենք Տիգրանից։ Հա՞յրն եք,- փորձեցի տոն չտալ անծանոթի անբարեկրթությանը։
-Պրոդյուսե՛րն եմ,- հոխորտաց նա անզիջում։- Ինձ հետ պիտի պայմանավորվեք, ոչ թե Տիգրանի։
-Ինքնակամ որոշումներից զրկվա՞ծ է։
-Ե՛ս եմ տնօրինում նրա օրը։ Դրսում նրան տատիկ-պապիկները, բարեկամներն են սպասում անհամբեր, իսկ դուք ուզում եք նրանցից 10 րոպե խլել։
Գործընկերս իմ անձայն հեռանալուց հետո ջանում է շտկել տհաճ իրադրությունը։
-Ի՞նչ եղավ ինձ սպասող կինը,- թիկունքիցս լսում եմ Տիգրանի ձայնը շենքի ելքի մոտ։
Տիգրանի պատանեկան անմիջականությամբ խաղաղված` հապաղում եմ։
-Հիմա, մինչև մի սիգարետ ծխի, կարող եք խոսել,- «բարիանում է» «կացին ախպերը»։
-Տիգրան ջան, հոգնած կլինեք, մոտակա համերգից առաջ գուցե հանդիպենք,- չլսելու եմ տալիս «պրոդյուսերի» (օտար անունները շրջանառելիս մարդիկ մոռանում են դրանց էությանը համապատասխանելու անհրաժեշտության մասին) «ՊՏոՐՏ»-ն։
Խտացված այդ հակամշակույթից հորդացող բացասական էներգիայի զորությամբ վանվում ենք «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքից։ Գործընկերս պայմանավորվում է հեռախոսազանգով ճշգրտել առանձին հանդիպման ժամը, և մենք, չթաքցնելով վրդովմունքներս, բաժանվում ենք իրարից։ Ճանապարհին պատահածի մասին պատմում եմ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակցին։ Ներողամտաբար ժպտալով` նա խոստանում է կայքէջում Տիգրան Համասյանի լուսանկարի և կենսագրական հակիրճ տեղեկատվության տեղադրման մասին հոգալ։
Հաջորդ օրը «կացին ախպերը» հեռախոսով հայտարարում է գործընկերոջս, որ միայն իր հետ կարող ենք հարցազրույց վարել։ Մենք, բնականաբար, հրաժարվում ենք։ Ես որոշում եմ հարգել մաեստրոյին տված խոստումս և Նարեկ Դուրյանի «Սե-լա-վի» մենաներկայացման ավարտվելուն պես ուղևորվում եմ «Մոսկվա» կինոթատրոն։ Ամառային դահլիճի մուտքի մոտ ինձ դիմավորում է անծանոթ տիկինը, ով ներկա էր Արամ Ղարաբեկյանի հետ մեր նախորդ երեկոյի զրույցին։
-Ես Ձեզ հիշում եմ,- սիրալիր ժպտում է։- Հրավիրատոմսերն արդեն բաժանված են, բայց Դուք կարող եք տոմս գնել։ Համերգը դեռ չի սկսվել։
Ես արտահայտում եմ զարմանքս, շրջվում ու լուռումունջ հեռանում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ արմատավորվող անհարգալից վերաբերմունքի սեփական վարկածիս իրավացիության մեջ մի ավելորդ անգամ համոզվելով. կարևորվում է միայն թերարժեք մշակութային միջոցառման համատարած լրատվագովազդը, առավելապես տեղեկատվական բնույթի։ Մշակութային գովազդի «հայամշակույթն» այլևս լավատեսություն չի ներշնչում։ Դրանցով զբաղվող մարդիկ (հազվադեպ բացառություններով) լավագույն դեպքում ընդունում են 2-3 րոպեանոց չորուցամաք հեռուստահոլովակների հանրաճանաչող նշանակությունը։ Ասենք, մամուլում հրապարակվող ծավալուն անդրադարձների կամ վերլուծական հոդվածների իրական արժեքը մեզանում մինչև իսկ պետականորեն պատշաճ գնահատություն այդպես էլ չի ստանում։ Եթե նույնիսկ փորձեր են արվում ԶԼՄ-ների ժրաջան պրոֆեսիոնալների համար համանման պատրանք ստեղծելու. ձևական մրցույթներով, օրինակ։ Մտավորականի իրենց առաքելությունը լավ գիտակցողները, խղճի դեմ չմեղանչելով, իրենց գրչի ողջ ներուժով, արհամարհելով «աղքատ ազգականի» կարգավիճակը` առանց «վերևների» շքախմբում ընդգրկվելու ջանադրության, շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանը գնահատության «արքայահաճո» չափանիշների խառնապղտոր հորձանքում։ Հնարավորինս ընդդիմանալով հետնաբեմի «հայամշակույթի» արմատավորմանը ոչ միայն արդի մշակույթի, այլև մեր հասարակական կեցության մյուս բոլոր ոլորտներում։ Հնագույն մշակութային ազգի հոգևոր գանձերով համամարդկային ընտանիքում ներկայումս հանրահռչակման ձգտող մեր բյուր-բյուրավոր հայրենակիցներն արդյո՞ք սեփական հայանպաստ վարքուբարքով, գործունեությամբ, արարչական տքնանքի հանրօգուտ արգասիքներով հաստատել են ժառանգության իրենց բարոյական իրավունքը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ

šÃ‚ƒÃ‚˘Ă˘â€šÂ¬/5516741" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե